Հայտնի են 2024 թվականի ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշները

Հայտնի են 2024 թվականի ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշները։ 2024 թվականին ՀՆԱ-ն հատել է 10 տրիլիոն դրամի շեմը (25.8 միլիարդ դոլար)՝ գերազանցելով նախորդ 3 տասնամյակների ցուցանիշը։ Մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն կազմել է 3,34 մլն դրամ (8501 դոլար): ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը 2024թ.-ին հասել է 5.9%-ի, ինչը նշանակում է Արժույթի միջազգային հիմնադրամի և ՀՀ Կառավարության թիրախի ապահովում և գերազանցում, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 8%` ներկայացնելով ՀՀ-ում արտադրանքի և ծառայությունների իրական աճը։ ՀՆԱ կառուցվածքում 2024 թվականին արդյունաբերության մասնաբաժինը կազմել է 16.2%, գյուղատնտեսությանը՝ 7.9%, շինարարությանը՝ 7.1%, զուտ հարկերինը՝ 10%, իսկ առևտրի և ծառայությունների համամասնութունը ՀՆԱ-ում համապատասխանաբար կազմել է 61.4%։ Արտահանման ծավալը 2024 թ.-ին կազմել է 13,09 միլիարդ դոլար` նախորդ տարվա համեմատ դրսևորելով 53,1% աճ: Միջին անվանական ամսական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է 6,4%-ով, իսկ իրական աշխատավարձը` 12,4%-ով:
Ժողովրդագրության տեսանկյունից կարևոր է ընդգծել, որ ՀՀ մշտական բնակչության միջին թվաքանակը 2024 թվականին աճել է 1.2%-ով` կազմելով 3,03 մլն մարդ:
Այս ամենը վկայում է երկրի տնտեսության կայուն աճի, ներդրումային միջավայրի բարելավման և արտադրողականության շարունակական բարձրացման մասին: Տնտեսական այս նշանակալի ցուցանիշը Կառավարության կողմից իրականացված բարեփոխումների և ձեռնարկատիրական ոլորտի ակտիվացման արդյունք է: Արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտներում արձանագրված առաջընթացը նպաստել է ընդհանուր տնտեսության ընդլայնմանը:
Այս ձեռքբերումը ոչ միայն կարևոր ցուցանիշ է ազգային տնտեսության կայունության տեսանկյունից, այլև խթան` հետագա զարգացման և նոր հնարավորությունների բացահայտման համար: ՀՀ-ում տնտեսական աճի շարունակական ապահովումը մնում է առաջնահերթություն՝ նպատակ ունենալով խթանել Հայաստանի տնտեսական մրցունակությունը միջազգային ասպարեզում: