Ամրապնդելով գլոբալ համագործակցությունը. «Էնթերփրայզ Արմենիա»-ն` Web Summit 2024-ում

«Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, ներդրումների գծով տնօրեն Գոհար Գալյանը և ներդրումների խթանման և արտաքին կապերի վարչության ղեկավար Լիլիթ Հարոյանը նոյեմբերի 11-ից 14-ը Լիսաբոնում մասնակցել են Web Summit 2024-ին:
Գագաթնաժողովի շրջանակում «Էնթերփրայզ Արմենիա»-ի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Պորտուգալիայի առևտրի և ներդրումների գործակալության հետ, քննարկել ազգային ներդրումների խթանման երկու գործակալությունների միջև գործող փոխըմբռնման հուշագրի թարմացման հնարավորությունը։ Միաժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանի ներդրումային հնարավորություններին, պետական աջակցման ծրագրերին, ինչպես նաև առավել նպաստավոր գործարար միջավայր ձևավորելուն ուղղված կառավարության քաղաքականությանը:
«Էնթերփրայզ Արմենիա»-ի ներկայացուցիչները, «Forbes»-ի «Ամենաարժեքավոր բրենդներ»-ի և «Fortune Global 500»-ի ընկերություններին ներգրավելու Հայաստանի կառավարության որոշման շրջանակներում հանդիպումներ են ունեցել մի շարք առաջատար ընկերությունների հետ, այդ թվում՝ Huawei, Alibaba, Dell, IBM:
Web Summit 2024-ը աշխարհի խոշորագույն ամենամյա տեխնոլոգիական համաժողովներից է, որը համախմբում է ստարտափներին, տեխնոլոգիական հսկաներին, ներդրողներին և ոլորտի առաջատարներին՝ ներկայացնելու նորարարություններն ու քննարկելու տեխնոլոգիայի վերջին միտումները։