Հայաստանում կարտադրվեն բազմաբաղադրիչ կիսահաղորդչային և սիլիցիումային ֆոտոնիկ միկրոսխեմաներ

ՏեղականՄիջազգային
Enterprise_News_Cover – 37
18.11.20242 րոպե կարդալ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, «Լևայ Սեմիքոնդաքթորս» ընկերությունը և «Էնթերփրայզ Արմենիա»-ն ստորագրել են համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով Հայաստանում հիմնել բազմաբաղադրիչ կիսահաղորդչային և սիլիցիումային ֆոտոնիկ/օպտիկական միկրոսխեմաների զուտ արտադրությամբ զբաղվող առաջին գործարանը։

 

Բարձրարժեք ներդրումներ ներգրավելու, երկրի տնտեսական ու տեխնոլոգիական առաջընթացը խթանելու հանձնառության արդյուքնում «Էնթերփրայզ Արմենիա»-ն, ի դեմս «Լևայ Սեմիքոնդաքթորս»-ի, ներգրավել է 34 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում՝ նպաստելով Հայաստանում բազմաբաղադրիչ կիսահաղորդչային և սիլիցիումային ֆոտոնիկ միկրոսխեմաներ արտադրությանը, կիսահաղորդչային արդյունաբերության արժեշղթայի տեղայնացմանն ու հավելյալ արժեքի ստեղծմանը։

 

«Այս համագործակցությունն ընդգծում է ներդրումների խթանման մեր ռազմավարությունների արդյունավետությունն ու մեր նվիրվածությունը՝ Հայաստանը դիրքավորելու որպես մրցունակ խաղացող համաշխարհային կիսահաղորդչային արդյունաբերությունում։ Մեր թիմի պրոակտիվ ջանքերը հանգեցրել են այս փոխակերպող ներդրման ներգրավմանը՝ նախանշելով Հայաստանում տեխնոլոգիական նոր զարգացման մեկնարկը», — նշել է «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը։

 

Հուշագրի շրջանակներում «Էնթերփրայզ Արմենիա»-ն «Լևայ Սեմիքոնդաքթորս»-ին կմատուցի գործառնական կարիքների ապահովման համալիր ծառայություններ։ Այն ներառում է համապատասխան հողատարածքների և շինությունների որոնման և անհրաժեշտ լիցենզիաների ու թույլտվությունների ձեռքբերման աջակցություն, ինչպես նաև Հայաստանի ներդրումային միջավայրում կողմնորոշման շարունակական խորհրդատվություն։ Բացի այդ, «Էնթերփրայզ Արմենիա»-ն ակտիվորեն կխթանի գործընկերոջ նախաձեռնությունները տարբեր ոլորտային միջոցառումների ժամանակ` ընկերության հաջող մուտքն ու շարունակական աճը տարածաշրջանային և գլոբալ շուկաներում ապահովելու համար:

 

Բարձր տեխնոլոգիական գործարանը նախատեսում է արտադրել տարեկան առնվազն 12,000 միկրոսխեմաների սուբստրատ. կանխատեսվում է, որ ֆոտոնիկ բաղադրիչների արագ աճող համաշխարհային շուկան 2032 թվականի դրությամբ կհասնի 26 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Ավելին՝ «Լևայ Սեմիքոնդաքթորս»-ը կստեղծի մոտ 86 նոր աշխատատեղ, որից 50-ը՝ գիտահետազոտական ոլորտում։

 

Այս զարգացումը ոչ միայն կարևոր քայլ է կիսահաղորդչային արդյունաբերությունում Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացման ուղղությամբ, այլև ընդգծում է «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներդրումների խթանման ջանքերի զգալի արդյունքները։