Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ներուժը` Լիոնում կայացած բարեկամության օրերի առանցքում

«Էնթերփրայզ Արմենիա»-ի պատվիրակությունը նոյեմբերի 20-ից 21-ը մասնակցել է Լիոնում կայացած «Օվերն-Ռոն-Ալպեր-Հայաստան-Սյունիք բարեկամության օրեր» միջոցառմանը, որը նպատակ ուներ ամրապնդելու Հայաստանի և Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանի միջև տնտեսական, քաղաքական և ինստիտուցիոնալ համագործակցությունը։
«Էնթերփրայզ Արմենիա»-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու պետական աջակցության ծրագրերը։ Մասնավորապես, «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը մասնակցել է «Էներգետիկ ոլորտի տնտեսական հնարավորությունները Հայաստանում և Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանում» թեմայով կլոր սեղանին, իսկ ներդրումների գծով տնօրեն Գոհար Գալյանը՝ Հայաստանի տնտեսական գրավչության և ներդրումային միջավայրի վերաբերյալ ինտերակտիվ քննարկմանը։
Քննարկումների առանցքում էր հատկապես վերականգնվող էներգետիկայի ոլորտը, որը ոչ միայն Հայաստանի տնտեսության գերակա ուղղություններից է, այլև համահունչ է Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզին:
«Վերականգնվող էներգիայի զարգացումը ոչ միայն երկրի էներգետիկ անկախության նախապայման է, այլև Հայաստանի՝ որպես ներդրումային կենտրոնի համաշխարհային դիրքավորման կարևոր բաղադրիչ։ Մեր առաքելությունն է ստեղծել վստահելի և աջակցող միջավայր, որտեղ միջազգային ներդրողները կարող են նպաստել երկրի զարգացմանը և միաժամանակ շահավետ բիզնես իրականացնել»,- նշել է Գոհար Գալյանը` շեշտելով ներդրումային միջավայրի բարելավման կառավարության հանձնառությունը։
Այս նախաձեռնություններն ընդգծում են «Էնթերփրայզ Արմենիա»-ի` ռազմավարական համագործակցությունների խթանելու և Հայաստանը որպես մրցունակ ներդրումային ուղղություն դիրքավորելու առաքելությունը: