Բիզնես միջավայր
Բիզնես միջավայր

 

Հայաստանը 2013 թվականից ի վեր գրանցել է կայուն տնտեսական աճ: ԱՊՀ մյուս պետությունների հետ համեմատությամբ՝ Հայաստանը միջին տեղ է զբաղեցնում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշով: 2020 թվականի մեկ շնչին ընկնող համախառն ազգային եկամտի (ՀԱԵ) ցուցանիշով՝ Հայաստանը Համաշխարհային բանկի կողմից դասակարգվում է միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում: 

ՀՆԱ-ի դիվերսիֆիկացված կառուցվածքը կայուն զարգացման համար էական նախադրյալներ է ստեղծում: Տնտեսության ոլորտներից ծառայությունների բնագավառը Հայաստանում էական աճ է գրանցել հատկապես երկրում զբոսաշրջության զարգացմանը զուգահեռ և առևտրի ոլորտում շարունակական աճին համընթաց: Արդյունաբերության ոլորտը ևս էականորեն ընդլայնվել է՝ պայմանավորված հանքարդյունաբերության վերականգնմամբ: Վերջին տարիների ընթացքում կտրուկ վերելք է ապրել նաև շինարարության ոլորտը, ինչն առավելապես մի շարք բարենպաստ քաղաքականությունների ընդունման արդյունք է:  

Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է գործարար միջավայրի համապարփակ բարեփոխումների իրականացումը, որոնք թույլ են տալիս օտարերկրյա ներդրողներին առաջարկել բարենպաստ ներդրումային և գործարար հնարավորություններ: Վերջին տասնամյակի ընթացքում Հայաստանում լուրջ բարեփոխումներ են իրականացվել գույքի գրանցման, հարկման, արտաքին առևտրի և էլեկտրական ցանցի միացման ոլորտներում՝ երկրում բարենպաստ ներդրումային և գործարար միջավայր ձևավորելու նպատակով:  

Համաշխարհային բանկի «Doing Business 2020» զեկույցի համաձայն՝ Հայաստանը 190 երկրների շարքում 47-րդն է՝ իր բարենպաստ պայմանների շնորհիվ, 32-րդն է «Heritage Foundation»-ի տնտեսական ազատության ինդեքսում (2021): Հայաստանը ներառվել է ՏՀԶԿ (OECD) օտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսում, որը գործիք է՝ գնահատելու երկրի սահմանափակումների մակարդակը երկրի օտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների միջավայրում: Հայաստանն այս ինդեքսում ընդգրկվել է ամենաազատ տնտեսություններն ունեցող երկրների առաջին տասնյակում՝ ՏՀԶԿ անդամ և G20-ում ներառված բոլոր 70 պետությունների շարքում: 

Հայաստանն ունի մի շարք մրցակցային առավելություններ, որոնց թվում են մասնավորապես ծախսարդյունավետ, հմուտ և կրթված աշխատուժը, ցածր գործառնական ծախսերը, բարենպաստ ներդրումային օրենսդրությունը և խոշոր շուկաներին հասանելիությունը: 

Խոշոր շուկաներին հասանելիության մասին խոսելիս անհրաժեշտ է նշել, որ Հայաստանը  Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, ինչը մի շարք էական հնարավորություններ է ստեղծում: Ներկայումս Հայաստանն ունի պարզեցված մուտք 183 միլիոն բնակչություն ունեցող ԵԱՏՄ շուկա, իրավունք ունի առանց մաքսատուրքերի վճարման ներկրել չվերամշակված հումք ԵԱՏՄ անդամ պետություններից, ԵԱՏՄ անդամ երկրների հետ փոխադարձ առևտրի շրջանակներում գործում է առանց մաքսային ձևակերպումների, ինչը նպաստում է բիզնեսի համար ֆինանսական ծախսերի կրճատմանը և ժամանակի խնայողությանը:  

ԵԱՏՄ մասին պայմանագիրը նախատեսում է նաև ծառայությունների միասնական շուկայի ձևավորում, որի ազատականացումը կիարկանացվի աստճանաբար: 43 ծառայությունների ոլորտների ցանկը, որոնք ձևավորելու են միասնական շուկան, ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ից: Անցումային շրջանի համար սահմանվել են 21 ծառայությունների ոլորտներ:

Եվրասիական տնտեսական միությունը ընդլայնում է երրորդ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերի աշխարագրությունը: Հայկական արտադրության ապրանքները նմանատիպ համաձայնագրեր ստորագրած երկրներում վստահաբար կունենան մրցակցային առավելություններ՝ այլ երկրների համանման արտադրանքի նկատմամբ: 

Հայաստանը գրավիչ է ներդրողների համար նաև մի շարք արտոնյալ առևտրային ռեժիմների շնորհիվ. 

Հայաստանը զարգացնում է համագործակցությունը նաև Եվրոպական միության հետ: Մասնավորապես՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրվել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA): Նոր համաձայնագրի շրջանակը բազմակողմանի է՝ ընդգրկելով ԵՄ իրավասության ու հետաքրությունների հարցեր, և արտացոլում է  տնտեսական, առևտրային և քաղաքական բնագավառներում, ինչպես նաև ոլորտային քաղաքականություններում առկա լայն գործընկերությունը: Համաձայնագիրը կապահովի ավելի լավ կարգավորող դաշտ, որը հայկական և ԵՄ կազմակերպությունների համար կբարելավի գործարար միջավայրը և ներդրումային հնարավորությունները՝ խրախուսելով հայկական կազմակերպություններին վաճառել ավելի շատ ապրանքներ և ծառայություններ ԵՄ շուկայում, և Եվրամիության անդամ երկրների ընկերություններին՝ բացել մասնաճյուղեր և դուստր ձեռնարկություններ Հայաստանում, ինչը կնպաստի Հայաստանում տնտեսական աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը:  

Հայաստանը յուրատեսակ կամուրջ է դարձել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև՝ հաշվի առնելով մի կողմից՝ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված հնարավորությունները և միաժամանակ վերը նշված առևտրային ռեժիմները Եվրոպական միության հետ: