Բիզնեսի գրանցումը և տեսակները
Բիզնեսի գրանցումը և տեսակները

 

Հայաստանում 2011 թվականից սկսած Արդարադատության նախարարությունը գործարկում է բիզնեսի մեկ պատուհանը, որի միջոցով կազմակերպություններն ու անհատները կարող են միաժամանակ  իրականացնել անվանման և բիզնեսի գրանցում, ստանալ հարկ վճարողի հաշվառման համարը՝ մեկ վայրից: www.e-register.am կայքում հասանելի է նաև էլեկտրոնային գրանցման հնարավորություն, որից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն: Փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կամ պահանջվող փաստաթղթերի հաստատված ձևանմուշները օգտագործելու պարագայում առևտրային կազմակերպությունների գրանցումը կատարվում է անմիջապես: Մյուս դեպքերում գործընթացը կարող է իրականացվել մինչև երկու աշխատանքային օրվա ընթացքում:

Հայաստանի Հանրապետությունում բիզնես գործունեություն իրականացնելու համար գործում են կազմակերպությունների հետևյալ կազմակերպաիրավական ձևերը.  

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ

Անհատ ձեռնարկատիրությունը բիզնեսի կազմակերպման ամենապարզ ձևն է: Այն մեկ սուբյեկտի սեփականություն հանդիսացող և նրա կողմից ղեկավարվող ձեռնարկություն է: Որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցման պահից քաղաքացին իրավունք ունի ձեռնարկատիրական գործունեություն ծավալել առանց իրավաբանական անձի կազմավորման: Անհատ ձեռնարկատերը իր պարտավորությունների դիմաց պատասխանատվություն է կրում իրեն պատկանող ամբողջ անձնական գույքով, ինչը նշանակում է, որ քաղաքացին անձամբ է պատասխանատու ձեռնարկատիրական գործունեությունից բխող ցանկացած պարտավորության համար:

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Հայաստանում ամենատարածված կազմակերպության ձևն է: ՍՊԸ-ն ընկերություն է, որը հիմնադրվել է մեկ կամ մի քանի անձանց կողմից, և որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի։ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները պատասխանատվություն չեն կրում ՍՊԸ-ի պարտավորությունների համար. նրանք  կրում են ընկերության գործունեության հետ կապված կորուստների ռիսկ՝ իրենց կողմից կատարված վճարների չափով: Շահույթը բաժանվում է հիմնադիրների միջև` համաձայն կանոնադրության:

ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Բաժնետիրական ընկերությունը իրավաբանական անձ է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է բաժնետոմսերի սահմանված քանակի: Հիմնադիրները սահմանում են բաժնետոմսերի անվանական արժեքը: Նրանց պատասխանատվությունը սահմանափակվում է իրենց պատկանող բաժնեմասի արժեքով: Բաց բաժնետիրական ընկերությունը, ի տարբերություն փակ բաժնետիրական ընկերության, իրավունք ունի իր կողմից թողարկված բաժնետոմսերը տեղաբաշխել ազատ բաժանորդագրության միջոցով և իրագործել դրանց ազատ վաճառք: Փակ բաժնետիրական ընկերության կապիտալը բաշխված է բաժնետերերի միջև, և բաժնետոմսերը բաշխվում են միայն հիմնադիրների կամ նախօրոք որոշված անձանց միջև՝ առանց բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության։

ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ընկերակցությունը կարող է գրանցվել որպես առանձին իրավաբանական անձ, կամ կարող է ձևակերպվել իբրև գործընկերների միջև համաձայնագիր: Որպես կանոն՝ ընկերակցությունները ավելի քիչ կարգավորվող են և ավելի շատ ճկունության հնարավորություն են ընձեռում: Ի տարբերություն ՍՊԸ-ի կամ ԲԸ-ի, որտեղ կազմակերպությունը ղեկավարվում է մեկ տնօրենի կողմից, ընկերակցությունը կարող են հավասարապես կառավարել մի քանի գործընկերներ:

Հնարավոր է ստեղծել լիակատար ընկերակցություն կամ սահմանափակ ընկերակցություն: Առաջին պարագայում գլխավոր գործընկերները իրենց անձնական գույքով պատասխանատու են բիզնեսի պարտավորությունների համար, մինչդեռ սահմանափակ գործընկերները պասիվ ներդրողներ են, որոնց կորուստը չի կարող գերազանցել  նրանց ներդրման չափը: Պայմանագրային ընկերակցությունը ենթակա չէ գրանցման, այնուամենայնիվ, դրա ստեղծման մասին անհրաժեշտ է տեղեկացնել հարկային մարմնին:  

ԿՈՈՊԵՐԱՏԻՎ

Կոոպերատիվը քաղաքացիների և իրավաբանական անձանց կամավոր միավորում է անդամության հիման վրա` մասնակիցների ֆինանսական և այլ կարիքները բավարարելու նպատակով: Սա միավորում է, որն իրականացվում է անդամների կողմից գույքային մասնակցային բաժնեմասերի համատեղմամբ:

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

Արտասահմանյան ընկերության մասնաճյուղը Հայաստանում օտարերկրյա կազմակերպության տարածքային մասնաճյւողն է: Արտասահմանյան կազմակերպությունները հայկական շուկա կարող են մուտք գործել մի քանի եղանակներով: Դրանցից մեկը դուստր ձեռնարկության հիմնումն է՝ որպես առանձին իրավաբանական անձ (օրինակ՝ ՍՊԸ կամ ԲԸ), որը մասամբ կամ ամբողջությամբ պատկանում է արտասահմանյան ընկերությանը:

Արտասահմանյան ընկերությունը Հայաստանում բիզնես գործունեություն կարող է ծավալել նաև մասնաճյուղի միջոցով: 

ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ոչ առևտրային կազմակերպությունները քաղաքացիների կամավոր միավորումներ են, ովքեր միացել են կանոնադրությամբ նախատեսված կարգով՝ ընդհանուր շահերի հիման վրա, հոգևոր կամ այլ ոչ նյութական կարիքները բավարարելու նպատակով: Կազմակերպությանը հիմնադիրների կամ մասնակիցների կողմից փոխանցված գույքը տվյալ հասարակական միավորման սեփականությունն է: Կազմակերպությունն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրական նպատակների իրագործման համար:

Հայաստանում սովորաբար շահույթ չհետապնդող կազմակերպությունները ստեղծվում են հիմնադրամի կամ հասարակական միության տեսքով: Հասարակական միավորումը անդամակցության վրա հիմնված կազմակերպություն է, որը գլխավորապես հոգ է տանում իր անդամների կարիքների մասին: Հիմնադրամները անդամներ չունեն և առավելապես կենտրոնացած են բարեգործական ծրագրերի ֆինանսավորման վրա, որոնք օգուտ են բերում մարդկանց որոշակի խավերի կամ հասարակության լայն շերտերին: Ե՛վ հիմնադրամները, և՛ հասարակական միավորումները կարող են ուղղակիորեն զբաղվել բիզնես գործունեությամբ:

ՄԱՍՆԱՎՈՐ ԲԱԺՆԵՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ՖՈՆԴ

Մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդը մարմին է, որի միջոցով ներդրումներ են կատարվում անշարժ գույքի, արժեթղթերի և այլ ակտիվների մեջ: Մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդերը գրանցվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից և ունեն էական հարկային արտոնություններ: