Դեղագործություն
Դեղագործություն

Նուրբ քիմիայի արդյունաբերությունը երկար տարիներ Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղ է եղել: Դեղագործական արդյունաբերության զարգացման նոր ալիքը մեկնարկեց 1990-ականների կեսերին, երբ երկրում հաստատվեց մակրոտնտեսական կայունություն, և հնարավոր եղավ գրանցել կայուն տնտեսական աճ:

Հայաստանի դեղագործական արդյունաբերությունը վերջին տասնամյակի ընթացքում շարունակաբար ​​աճել է՝ դառնալով երկրի տնտեսության ամենադինամիկ զարգացող ոլորտներից մեկը: 2019 թվականին Հայաստանում դեղագործական արտադրանքի արտադրությունն աճել է 4.1%-ով` 2018 թվականի համեմատությամբ կազմելով 20.1 մլն ԱՄՆ դոլար, և կազմել ամբողջ հայկական արդյունաբերության մոտ 0.5%-ը: Ներկայումս Հայաստանում գործում է դեղագործական արտադրության լիցենզիա ունեցող 24 դեղագործական ընկերություն: Դեղագործական ապրանքների որակը հայ արտադրողների առաջնահերթությունն է, ուստի արտադրության մեջ օգտագործվող հումքի և քիմիական միացությունների մեծ մասը գնվում են ԵՄ և ԱՄՆ մատակարարներից: Հայաստանում ներկայումս արտադրվում է ավելի քան 360 գրանցված դեղամիջոց:

Դեղագործական արդյունաբերությունը Հայաստանում արտահանմանն ուղղված արդյունաբերական ճյուղերից է: Տեղական արտադրության դեղերի մոտավորապես 50%-ն արտահանվում է: Հայկական ընկերությունների հիմնական արտաքին շուկաները ներառում են ԱՊՀ անդամ պետությունները, որտեղ գերակշռում են Կենտրոնական Ասիայի երկրները (Ուզբեկստան, Ղազախստան, Թուրքմենստան և Տաջիկստան): Հայկական ընկերությունները հաջող մրցակցում են նաև վրացական, բելառուսական, ռուսական և ուկրաինական շուկաներում: Մրցակցային մեկ այլ որոշիչ առավելություն է անդամակցությունը ԵԱՏՄ-ին: 0% մաքսատուրքերով ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր դեղագործական շուկա ունենալը նշանակում է, որ գրանցված դեղագործական արտադրանքը կարող է ազատորեն շրջանառվել ԵԱՏՄ երկրներում՝ առանց որևէ լրացուցիչ ընթացակարգի:

2018 թվականին Հայաստանն արտահանել է մոտ 21.3 միլիոն ԱՄՆ դոլարի դեղագործական արտադրանք: ԵԱՏՄ շուկան ապահովում է մուտք 183.000.000 սպառողների շուկա: Միայն Ռուսաստանը տարեկան ներմուծում է մոտ 20 միլիարդ դոլար արժողությամբ դեղամիջոց:

Հայաստանն առանձնանում է նաև կենսաքիմիայի, մոլեկուլյար գենետիկայի և միկրոբիոլոգիայի բնագավառներում բարձրակարգ մարդկային կապիտալով. նշանավոր ակադեմիական և հետազոտական հաստատություններով: Հայաաստանը հսկայական ներուժ ունի քիմիական դեղամիջոցների, ազդող նյութերի, պատվաստանյութերի և, երկրում աճող 2500 տեսակ բուժիչ դեղաբույսերի շնորհիվ, նաև բուսական ծագման դեղերի արտադրության ոլորտում:

Դեղագործական արդյունաբերության ոլորտում մասնագետների միջին ժամային վարձատրությունը Հայաստանում կազմում է 2.6 ԱՄՆ դոլար, որը 20.4 անգամ ցածր է աշխարհի դեղագործական արտադրանքի 10 լավագույն արտահանողների՝ միջինում  52.2 ԱՄՆ դոլար/ժամ դրույքաչափից: Հայաստանն առաջարկում է առավելագույնը՝ անհամեմատ ցածր գնով: