Տեքստիլի և կարի ոլորտ
Տեքստիլի և կարի ոլորտ

 

 

Տեքստիլի և հագուստի արտադրությունը Հայաստանի թեթև արդյունաբերության բնագավառում զարգացման հսկայական ներուժ ունի՝ շնորհիվ առավելապես այն բանի, որ խորհրդային տարիներին ոլորտը տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն էր, որը ներառում էր ընդհանուր աշխատուժի մեկ քառորդը: Հայաստանը Խորհրդային Միության հագուստի և տեքստիլի հիմնական մատակարարներից մեկն էր:

Ներկայումս ոլորտը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի ազգային տնտեսության համար՝ հաշվի առնելով դրա զգալի ներուժը: Թեպետ այժմ հագուստի արտադրության և տեքստիլի ոլորտը կազմում է արտադրության միայն 2% -ը, այն շարունակաբար աճում է: Հագուստի արդյունաբերության ծավալները 2020 թվականին 2019-ի համեմատ 56.3 միլիոն ԱՄՆ դոլարից հասել են 59.8 միլիոն ԱՄՆ դոլարի: Ոլորտը 2018-2020 թթ. գրանցել է հագուստի արտադրության 28% աճ: 

Արտադրության զգալի աճ են գրանցել հատկապես գուլպաների, վերարկուների ու բաճկոնների, գործվածքի և գորգերի ենթաճյուղերը: Ներկայումս Հայաստանի տարածքում գործում են տեքստիլի արտադրության 35 և հագուստի արտադրության 110 ընկերություններ: Բացի զանգվածային սպառման ապրանքների արտադրությունից, տեքստիլի և հագուստի արտադրությամբ զբաղվող հայկական ընկերությունները հայտնի են նաև իրենց գործունեությամբ որպես աշխարհահռչակ ապրանքանիշերի ենթակապալառուներ:

Հայկական հագուստի արտահանումը 2020 թվականին կազմել է 169.4 մլն ԱՄՆ դոլար:

Արտադրության ծավալների աճ 2018-2019թթ․, %

Արտահանման հիմնական ուղղություններն են Ռուսաստանը, Իտալիան և Գերմանիան: Ներդրումները խթանելու նպատակով՝ ՀՀ կառավարությունն իրականացրել է աջակցության բազմաթիվ ծրագրեր, որոնք օտարերկրյա ներդրողների համար բարձրացնում են Հայաստանի գրավչությունը: Հայաստանն էականորեն ավելի մոտ է գտնվում եվրոպական և ռուսական շուկաներին: Պատրաստի հագուստը ընկերությունները կարող են մատակարարել անմիջապես Արևմտյան Եվրոպա ընդամենը յոթ օրվա ընթացքում:

Ոլորտի բարձր ներուժի մեկ այլ ցուցիչ է այս բնագավառում ընդգրկված աշխատողների թվի աճը: Մեկ տարվա ընթացքում՝ 2019 թվականին, հագուստի արտադրության ոլորտում աշխատողների թիվը աճել է 20%-ով: Հայաստանն ունի հագուստի արտադրության հարուստ փորձ և արտադրական ավանդույթներ, հմուտ աշխատուժ՝ աշխատավարձի համեմատաբար ցածր ծախսերով: Ոլորտում զբաղվածներին վճարվող աշխատավարձերն ավելի ցածր են, քան Չինաստանում և Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև ամենացածրն են Եվրասիական տնտեսական միությունում: 

Հայկական տեքստիլի արտադրության բնագավառում ամենից առաջ կարևորվում է բարձրորակ արտադրանքի թողարկումը. ոլորտն ունի և շարունակաբար զարգացնում է իր սեփական ոճն ու ֆունկցիոնալությունը, յուրօրինակ և արդի դիզայնը՝ հետևողականորեն պահպանելով որակը: Հմուտ նմուշագործները, դերձակներն ու նորաձևության բարձրակարգ դիզայներները կարևոր դերակատարում ունեն նորաձևության ոլորտում Հայաստանի մրցունակությունը բարձրացնելու հարցում: 

2014 թվականին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ գործընկերությամբ և Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ֆինանսավորվող՝ «Արտահանման գծով արդյունաբերության մրցունակության բարելավումը Հայաստանում արդիականացման և շուկայական առավելությունների միջոցով» ՄԱԿ-ի UNIDO ծրագիրը, որի նպատակն է՝ տեքստիլի/հագուստի արտադրության և կոշկեղենի/կաշվե իրերի ոլորտներում գործող մասնավոր հատվածի արտադրողներին վերափոխել կենսունակ տնտեսվարող սուբյեկտների, որոնք ունակ են ստեղծել նոր աշխատատեղեր և հաստատուն կերպով նպաստել երկրում արժեքի ավելացմանը, եկամտի ստեղծմանը և արտահանման ծավալների աճին:

ՀՀ ՏԵՔՍՏԻԼ ՈԼՈՐՏԻ 
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ 2022

Invest in Armenia's Clothing 2022 Invest in Armenia's Clothing 2022 Guide

 

 

Ոլորտում զբաղվածների թվի աճը