Զբոսաշրջություն
Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանի ամենաարագ զարգացող և հեռանկարային ոլորտներից է և իրավամբ համարվում է Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչներից մեկը: Ոլորտը մշտապես արժանացել է կառավարության հատուկ ուշադրությանը, և պետական ​​մակարդակով ճանաչվում է որպես առաջնահերթություն:              

Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի զբոսաշրջության ոլորտը զգալի աճ է արձանագրել: 2019 թվականին Հայաստանը հյուրընկալել է գրեթե 1,9 մլն զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա համեմատությամբ գրանցելով 15% աճ:

Դարավոր պատմության ընթացքում հայերը ստեղծել են բացառիկ հոգևոր և մշակութային ժառանգություն: Երկրի ողջ տարածքում ստեղծվել են ավելի քան 25000 պատմական հուշարձաններ, որոնցից մի քանիսը ներառված են
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ:

Հայաստանն աշխարհին առաջարկելու շատ բան ունի: Երկիրը գրավիչ է զբոսաշրջային ամենատարբեր նախասիրությունների տեր մարդկանց համար: Հայաստանում է գտնվում աշխարհի ամենաերկար ճոպանուղին, ժամանցի համար գործում են զիփլայն և էքստրեմալ պարկեր, լեռնադահուկային հանգստավայրեր և հանքային ջրերի առողջարաններ: Այս ամենի շնորհիվ՝ հայկական զբոսաշրջության ոլորտը մեծ վերելք է ապրել և դեռևս աճի հսկայական ներուժ ունի:

fon
fon

Տարեցտարի Հայաստանի զբոսաշրջության ոլորտը ավելի գրավիչ է դառնում ներդրումների համար, և Հայաստան ժամանողների թվի աճին զուգահեռ՝ ընդլայնվում են նաև հնարավորություններն ու առաջարկները՝ ներգրավելով տեղական և միջազգային ներդրողների, նոր և աշխարհահռչակ հյուրանոցների ցանցեր: Վերջին 5 տարիներին հյուրանոցների թիվը Հայաստանում կրկնապատկվել է: Զբոսաշրջային հոսքերը առավելապես ԵՄ երկրներից են, Ռուսաստանից և ԱՊՀ անդամ պետություններից: Տուրիստական հոսքերի 6%-ը ԱՄՆ-ից է, ևս 5%-ը՝ Իրանից: Զբոսաշրջիկները Հայաստան են այցելում ոչ միայն հանգստի և բիզնեսի համար, այլ նաև բժշկական օգնություն ստանալու նպատակով, որը ներդրողների համար վերածվում  է նոր  և չափազանց հետաքրքիր ոլորտի:

«Բաց երկնքի» քաղաքականությունը Հայաստանում գործում է 2013 թվականից, երկրում գործում են 30 միջազգային ավիաընկերություններ: Ճանապարհորդության և զբոսաշրջության մրցունակության ինդեքսի 2019 թվականի տվյալներով՝ գործող ավիաընկերությունների թվի վարկանիշում Հայաստանը 140 երկրների շարքում զբաղեցնում է 69-րդ տեղը: Հայաստանը հուսալի գործընկեր է այնպիսի խոշոր ավիաընկերությունների համար, ինչպիսիք են Air France-ը, Australian Airlines-ը, Air Cairo-ն, Wizz Air-ը, Ryan Air-ը, Qatar Airways-ը: Հայաստան առանց մուտքի վիզայի կարող են մուտք գործել 60 երկրների, այդ թվում՝ ԵՄ անդամ պետությունների, ԱՄՆ-ի և Չինաստանի քաղաքացիներ: Եվս 70-ից ավելի երկրների քաղաքացիներ կարող են հեշտությամբ ստանալ էլեկտրոնային վիզա կամ ստանալ վիզան սահմանին: 

COVID-19 համավարակի հետևանքով աշխարհը դեռևս գտնվում է առողջապահական, սոցիալական և տնտեսական աննախադեպ ծանր իրավիճակում, և ճանապարհորդությունն ու զբոսաշրջությունը ամենալուրջ ազդեցությունը կրած ոլոտներից են: Իրավիճակի կայունացումից հետո զբոսաշրջությունը Հայաստանում վստահաբար կշարունակի արագ տեմպով զարգացումը՝ լինելով օտարերկրյա ներդրումների համար եկամտաբեր ոլորտ:  

Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի պաշտոնական կայքում