Նոր էջ Հայաստան - Շվեդիա ներդրումային հարաբերություններում

ՏեղականՄիջազգային
Red Modern Online Webinar (1200 x 630 px) (7)
29.04.20251 րոպե կարդալ

2025 թվականի ապրիլի 23-ին Շվեդիայի Թագավորության մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի է ունեցել ՀՀ ներդրումային միջավայրին նվիրված միջոցառում` կազմակերպված Շվեդիայի արտաքին գործերի նախարարության բարձր հովանու ներքո: Միջոցառմանը ներկա են գտնվել երկու երկրների բարձրաստիճան պետական գործիչներ, ՀՀ գործարար միջավայրով հետաքրքրված շվեդական խոշոր ընկերությունների և պետական հաստատությունների (Business Sweden, Kommerskollegium, Exportkreditnämnden, Swedfund) ներկայացուցիչներ:

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի կողմից շվեդ գործարար համայնքին ներկայացվել է ՀՀ գրավչությունը` որպես շահավետ ներդրումային ուղղություն: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել օտարերկրյա ուղղակի ներդրումներին առնչվող կարգավորումներին, մակրոտնտեսական ցուցանիշներին և պետական աջակցության ծրագրերին:

Շվեդիայի պետական գործակալությունների աշխատակիցները ներկայացրել են երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ուղղված իրենց նախաձեռնությունները, ծրագրերը և անհրաժեշտ գործիքակազմը:

Հիմնադրամը երկկողմ հանդիպում է ունեցել Forbes պարբերականի կողմից հրապարակվող «The World’s Most Valuable Brands» վարկանիշային ցանկում ընդգրկված շվեդական H&M (Hennes & Mauritz) ընկերության հետ: Հանդիպման շրջանակներում քննարկվել են ՀՀ-ում ընկերության ներկայացվածության հնարավորությունները և հեռանկարները:

Գործուղման շրջանակներում Հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Գոհար Գալյանը և ներդրումների խթանման ու արտաքին կապերի մենեջեր                      Լիա Ապիկյանը հանդիպել են նաև Հիմնադրամի հետներդրումային սպասարկման ծառայությունների շահառու հանդիսացող շվեդական «Busmarket Sweden»  ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել ներդրողի կողմից բարձրաձայնված հիմնական հարցերին, որոնք առնչվում են «Ինվեսթ պլյուս» ՍՊ ընկերության հետ համատեղ ՀՀ-ում ԵՄ չափորոշիչներին համապատասխանող ձկնամթերքի և կենդանական թափոնների վերամշակման գերժամանակակից համալիրի կառուցմանը, ձկնաբուծական արտադրանքի արտահանման ընթացակարգին, ինչպես նաև պետական աջակցության համապատասխան ծրագրերին: