PMI Science-ը նոր լաբորատորիա է հիմնում Հայաստանում

ՏեղականՄիջազգային
pmi-1
10.07.20251 րոպե կարդալ

«Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանը hուլիսի 9-ին հանդիպում է ունեցել Philip Morris International (PMI) ընկերության տեխնոլոգիաների և հետազոտությունների գծով փոխնախագահ Լուկա Ռոսսի հետ՝ քննարկելու Հայաստանում ընկերության աճող ներգրավվածությունն ու Ինժեներական քաղաքում հիմնվող լաբորատորիայի հետազոտությունների և զարգացման (R&D) կենտրոնի ընդլայնման ծրագրերը:

Հետազոտությունների և զարգացման այս նախաձեռնությունը, որը նախատեսվում է իրականացնել Ինժեներական քաղաքի բիզնես աքսելերատորի շենքում, կնպաստի Հայաստանի տեխնոլոգիական և գիտական առաջընթացին։ Էլեկտրոնիկայի, նյութագիտության, աէրոզոլների հետազոտության և նախատիպերի մշակման ուղղվածությամբ կենտրոնը կծառայի որպես նորարարության և համագործակցության հարթակ՝ ներգրավելով հայ մասնագետների և հաստատությունների:

«Այս նախաձեռնությունը ավելին է, քան պարզապես խթանումը. այն Հայաստանի նորարարական ներուժի նկատմամբ վստահության ազդակ է, - նշել է Գոհար Աբաջյանը, - մենք բարձր ենք գնահատում PMI-ի երկարաժամկետ ներդրումը Հայաստանում և ողջունում ենք հետազոտությունների և զարգացման ոլորտում նմանատիպ ծրագրերը: «Էնթերփրայզ Արմենիան» լիովին հանձնառու է աջակցել այս նախաձեռնության ընդլայնմանը յուրաքանչյուր փուլում՝ խթանումից մինչև վերաներդրում»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կառավարության կողմից տրամադրվող աջակցության հնարավորությունները, այդ թվում՝ հեշտացված գործընթացները, կարգավորող խորհրդատվությունը, պետական խթանները և Հայաստանի նորարարական էկոհամակարգի հետ ինտեգրումը։