«Հայաստան-Իտալիա գործարար համաժողով» Նեապոլում
2023 թ. հուլիսի 4-ին Իտալիայի Նեապոլ քաղաքում կայացել է «Հայաստան-Իտալիա. բիզնես երկխոսության խթանում» գործարար համաժողովը, որը կազմակերպել էր «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամը Իտալիայում ՀՀ դեսպանության գործուն աջակցությամբ և Նեապոլի քաղաքապետարանի ու Նեապոլի արդյունաբերողների կոնֆեդերացիայի հետ համագործակցությամբ։
Համաժողովը միտված էր փոխադարձ գործարար կապերի հաստատմանը, երկու երկրների գործարար շրջանակների միջև համագործակցության խթանմանն ու Իտալիայի գործարարների շրջանում Հայաստանի ներդրումային գրավչության առաջմղմանը:
Միջոցառմանը բացման տեսաուղերձով հանդես է եկել Իտալիայի Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ֆեդերիկո Ֆրենին, բացման խոսքով հանդես են եկել Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, հայ-իտալական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ջուլիո Չենտեմերոն, Նեապոլի արդյունաբերողների կոնֆեդերացիայի նախագահ Կոստանցո Յաննոտտի Պիչչին, Իտալիայի «Ապահովագրություն և ֆինանսական ծառայություններ բիզնեսի համար» ընկերության հարավային շրջանի տնօրեն Անտոնիո Բարտոլոն և Նեապոլի քաղաքապետի արտաքին գործերով խորհրդական Ֆրանչեսկո Սենեզին:
Համաժողովի շրջանակներում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ներկայացրել են ոլորտային շնորհանդեսներ, իսկ «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ներդրումների ներգրավման և արտաքին կապերի մենեջեր Աննա Հայրոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային շնորհանդեսը:
Շնորհանդեսների ներկայացմանը հաջորդել է երկուստեք գործարար կապերի հաստատմանը միտված շփումների շարք, որի ընթացքում կազմակերպվել է նաև հայկական արտադրանքի համտես:
Նեապոլ կատարած այցի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի պատվիրակությունն Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել նաև իտալական փողկապների արտադրությամբ զբաղվող «Marinella» ընկերության և Նեապոլի Ֆեդերիկո II համալսարանի «Apple Developer Academy» գիտական կենտրոնի ղեկավար կազմերի հետ: Քննարկվել են վերջիններիս հետ համագործակցության հնարավորությունները:
«Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը մասնակցել է նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և Նեապոլի քաղաքապետ պրոֆեսոր Գաետանո Մանֆրեդիի միջև տեղի ունեցած հանդիպմանը: