Համաշխարհային զբոսաշրջային ներդրումային ֆորումը Հայաստանում
Ս․թ․ սեպտեմբերի 6-ից 8-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության և «Էնթերփրայզ Արմենիա»-ի ջանքերով Հայաստանում անցկացվել է Համաշխարհային զբոսաշրջային ներդրումային ֆորումը։
Ֆորումի նպատակն էր վեր հանել ժամանակակից աշխարհում զբոսաշրջային ոլորտի միտումները՝ շեշտադրելով ներդրումային գործընթացները և Հայաստանի դիրքավորումն իբրև ներդրումային գրավիչ ուղղություն։ Միջազգային ֆորումի մասնակիցների թվում էին թիրախային երկրների ներկայացուցիչները, որոնց հետ Հայաստանը նախատեսում է համագործակցել զբոսաշրջության և ներդրումային գործունեության շրջանակներում։
Այդ նպատակով, ի լրումն պանելային քննարկումների և բանախոսությունների, կազմակերպվել են նաև ճանաչողական այցեր, որոնց շնորհիվ մասնակիցները ծանոթացել են Հայաստանում մշակութային զբոսաշրջության, գաստրոտուրիզմի և էնոտուրիզմի հնարավորություններին։ Հատկանշական է, որ Հայաստանում ֆորումն անցկացվել է առաջին անգամ։
Ֆորումի շրջանակներում կազմակերպվել է նաև «Հայաստանի ներդրումային շրջանակները և հնարավորությունները» խորագրով պանելային քննարկումը, որին մասնակցել է «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը։ Վերջինս ներկայացրել է Հայաստանի ներդրումային դաշտի բարելավմանն ուղղված միջոցառումները և այս համատեքստում «Էնթերփրայզ Արմենիա»-ի կողմից իրականացվող աշխատանքները։ Հիմնադրամի տնօրենն առանձնահատուկ շեշտել է, որ ՀՀ կառավարության «բաց դռների» քաղաքականության շնորհիվ բացակայում են ներդրումային գործունեությանն առնչվող սահմանափակումները: Անդրադառնալով ներդրումային գործընթացներում «Էնթերփրայզ Արմենիա»-ի դերակատարությանը՝ Լևոն Օհանեսյանը նշել է, որ հիմնադրամը «մեկ պատուհան» սկզբունքով շարունակաբար համապարփակ օժանդակություն է տրամադրում տեղացի և օտարերկրյա ներդրողներին։