«AMD»-ն դիտարկում է ընդլայնման հնարավորությունները Հայաստանում

ՏեղականՄիջազգային
բոլորով
10.06.20252 րոպե կարդալ

Աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից «AMD»-ն Հայաստանում է՝ հետագա ընդլայնման նպատակով գնահատելու երկրի ինժեներական ներուժը։

«AMD» ընկերությունը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2019 թվականին, իսկ 2022 թվականից «Էնթերփրայզ Արմենիա»-ի հետներդրումային սպասարկման ծառայության շահառու է։ Քանի որ կառույցը աջակցում է ոչ միայն ներդրման փուլում, այլև ուղղորդում է ընդլայնման, «AMD»-ի ընկերության փոխնախագահ Դեն Գիբբոնսի գլխավորած պատվիարկության համար կազմակերպվել էր շրջայց բուհերին կից գործող մաթեմատիկական և ինժեներական լաբորատորիաներում:

Ներկայացնելով Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու մրցակցային առավելությունները գիտության, կրթության և տեխնոլոգիաների ոլորտում՝ «Էնթերփրայզ Արմենիա»-ի գործադիր գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանն ընդգծել է կառավարության հանձնառությունը` ձևավորել այնպիսի ներդրումային միջավայր, որտեղ համաշխարհային ընկերությունները կտեսնեն ոչ միայն ներդրումների, այլև մնալու, զարգանալու և աճելու հստակ հեռանկար. «Բարձր տեխնոլոգիաների և գիտահետազոտական հզորությունների զարգացումը Հայաստանի ռազմավարական առաջնահերթություններից է, ինչի մասին վկայում են պետական աջակցության ծրագրերը, ազատ տնտեսական գոտիներն ու ինժեներական քաղաքը, զարգացող միկրոէլեկտրոնիկայի ենթակառուցվածքները, տարեկան ավելի քան 8200 STEM շրջանավարտները, որակյալ և մրցունակ մասնագետները և, իհարկե, ներդրումային աջակցությունն ու ամբողջական ուղեկցումը «Էնթերփրայզ Արմենիա»-ի կողմից»:

Խոսելով Հայաստանում ներկայացված լինելու որոշման մասին՝ Դեն Գիբբոնսը նշել է, որ Հայաստանի տեխնոլոգիական տաղանդը, ոլորտում գործող ընկերությունների հաջողված փորձը, ինչպես նաև ինժեներական թիմերի բազմազանությունը մեծ դեր են խաղացել այստեղ գրասենյակ բացելու որոշման կայացման հարցում. «Մեր սկզբնական մոտեցումը լիովին արդարացվել է։ Հայաստանի մեր աշխատակիցները ցուցաբերել են բարձր աշխատային էթիկա, բացառիկ ճշգրտություն և որակ ծրագրային ապահովման մշակման գործընթացում, ինչը դարձել է օրինակ նաև մյուսների համար։ Մեր աշխատակիցները մեր ամենակարևոր ռեսուրսն են, և մենք պատրաստ ենք երկարաժամկետ ներդրումների։ Համալսարանների հետ համագործակցելու հնարավորությունը՝ թե՛ որպես մարդկային կապիտալի աղբյուր, թե՛ որպես համատեղ կրթական ծրագրերի զարգացման հարթակ, ևս մի մեծ առավելություն է։ Եվ, իհարկե, բարձր ենք գնահատում Հայաստանի կառավարության` տեխնոլոգիական ոլորտի խթանումն ու հետևողական աջակցությունը»։

«AMD»-ի ներկայությունն ու ակտիվ հետաքրքրվածությունը վկայում են ոչ միայն հաջող ներդրումային ընթացքի, այլև Հայաստանի՝ որպես երկարաժամկետ տեխնոլոգիական գործընկերոջ մասին։ Ինժեներական պատրաստվածության, կրթական ներառականության և պետական նպատակային քաղաքականության համադրությունը ստեղծում է այնպիսի միջավայր, որտեղ առաջատար ընկերությունները կարող են վստահորեն պլանավորել իրենց ապագան։

Պատկերասրահ

խնդում են
պմի