Ենթակառուցվածքներ
Վերջին տարիներին ՀՀ կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի ճանապարհային ցանցի զարգացմանը։ Երթևեկության անվտանգությունն ու արդյունավետությունը բարելավելու նպատակով արդեն իսկ վերանորոգվել և արդիականացվել են մի շարք միջպետական և հանրային նշանակության ճանապարհներ, ինչը նպաստել է նաև երկրի տնտեսական աճին և զբոսաշրջության զարգացմանը:
Ճանապարհներ
Հայաստանի Հանրապետության հանրային ճանապարհային ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 7548 կմ։ 2022 թ․ ընթացքում միայն վերականգնվել է 301,5 կմ, վերանորոգվել՝ 153 կմ ճանապարհ։ Պակաս կարևոր չեն նաև «Հյուսիս-Հարավ» նոր ավտոմայրուղու կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Շուրջ 556 կմ ձգվող այս ճանապարհն ավարտին հասցնելուց հետո հնարավորություն կտա անվտանգ և արագ բեռնափոխադրումներ իրականացնել Պարսից ծոցի երկրների և Եվրոպայի միջև։
Երկաթուղիներ
Ներկայիս երկաթուղային ցանցի երկարությունը մոտ 707 կմ է, և այն ունի 69 երկաթուղային կայարաններ։ Այն շահագործում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն 30 տարվա կոնցեսիոն պայմանագրով։ Երկաթուղային ցանցն ապահովում է ելք դեպի Սև ծովի նավահանգիստներ՝ Բաթումի և Փոթի: Այժմ դիտարկվում է երկաթուղային ցանցի ընդլայնման հնարավորությունը։
Կապ
Ներկայումս Հայաստանում գործում են երեք հիմնական բջջային օպերատորներ՝ «Վիվա-ՄՏՍ», «Յուքոմ» և «Թիմ»: Նրանք առաջարկում են հասանելի սակագնային պլաններ և փաթեթներ, իսկ սպասարկման կենտրոնները տեղակայված են բոլոր խոշոր քաղաքներում։
Մետրո
Երևանի մետրոպոլիտենի համակարգը բաղկացած է 12 կմ երկարությամբ մեկ գծից և լրացուցիչ ճյուղից․ ունի տասը կայաններ։ Երթուղիները սպասարկում են ամեն հինգ րոպեն մեկ՝ սկսած առավոտյան ժամը 7:00-ից: Համակարգից օրական օգտվում է 60000 ուղևոր։
Ջրամատակարարում
Վերջին տարիներին Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը զգալիորեն բարելավվել է։ Միջազգային դոնոր գործակալությունների կողմից համաֆինանսավորվող բազմաթիվ ծրագրերը նպաստել են քաղաքային և գյուղական համայնքներում ապահով, հուսալի և կայուն ջրամատակարարման հասանելիության ապահովմանը:
Ինտերնետ
Ինտերնետը հասանելի է Հայաստանի ամբողջ տարածքում։ Վերջին տարիներին ինտերնետի արագությունը բարելավվել է, իսկ մայրաքաղաքի հանրային տարածքների, գրասենյակների, առևտրի կենտրոնների, սրճարանների, դպրոցների և համալսարանների մեծ մասն ապահովված են անվճար Wi-Fi կապով։ Բազմաթիվ անվճար Wi-Fi կետեր հասանելի են նաև երկրի հայտնի զբոսաշրջային վայրերում:
Կոմունալ ծախսեր
Էլեկտրաէներգիայի սակագները լարումից կախված ցերեկային ժամերին 41,98 -53,48 դրամ/կՎտժ են, իսկ գիշերային ժամերին՝ 37,98-43,48 դրամ/կՎտժ: Խմելու ջրի մեծածախ վաճառքի գինը յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց սահմանված է 41,49 դրամ: Գյուղատնտեսական ոլորտում գործունեության համար 1000 խորանարդ մետրի բնական գազի սակագինը 233.9 ԱՄՆ դոլար է, իսկ գործունեության մյուս տիպերի դեպքում՝ 10,000 խորանարդ մետրի դիմաց սահմանված է 143700 դրամ սակագին: