Հայաստանը՝ գլոբալ ներդրումային քարտեզի գրավիչ ուղղություն

ՏեղականՄիջազգային
Enterprise_News_Cover – 32
29.11.20242 րոպե կարդալ

«Էնթերփրայզ Արմենիա»-ն նոյեմբերի 25-ից 27-ը մասնակցել է Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում կայացած Ներդրումների խթանման գործակալությունների համաշխարհային ասոցիացիայի (WAIPA) 28-րդ համաժողովին։

Համաժողովի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը հանդես է եկել որպես խոսնակ «To Finish First, First You Have to Finish: Operational Excellence in IPAs for the Benefit of Our Investors» թեմայով պանելային քննարկմանը՝ կիսվելով ներդրումային ոլորտում գործառնությունների և դրանց կառավարման իր փորձով։

«Էնթերփրայզ Արմենիա»-ի պատվիրակությունը համաժողովի շրջանակներում մի շարք հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պատվիրակությունների և մասնավոր ընկերությունների հետ՝ ներկայացնելով Հայաստանի ներդրումային միջավայրի առանձնահատկություններն ու գերակայությունները, ինչպես նաև «Էնթերփրայզ Արմենիա»-ի համապարփակ ծառայությունները։

«Էնթերփրայզ Արմենիա»-ն «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտու ներդրումային ծրագրով նաև մասնակցել է ասոցիացիայի «Գերազանցության մրցանակ»-ի մրցույթին։ Հաշվի առնելով ծրագրի շուրջ մասնակիցների մեծ հետաքրքրությունը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2025 թվականին կազմակերպել առցանց սեմինար՝ ներկայացնելու «Էնթերփրայզ Արմենիա»-ի գործունեությունը, ինչպես նաև նրա ձեռքբերումները ներառելու WAIPA-ի հրապարակումներում։

Գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը պահանջված և արդյունավետ է գնահատել «Էնթերփրայզ Արմենիա»-ի մասնակցությունն ու շփումները Ներդրումների 28-րդ Համաշխարհային Համաժողովում` նշելով . «Էնթերփրայզ Արմենիա»-ի մասնակցությունը համաժողովին ևս մեկ անգամ ընդգծեց Հայաստանի դիրքը որպես ներդրումային գրավիչ ուղղություն։ Համաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու կապերը նոր հնարավորություններ կստեղծեն երկկողմ համագործակցության և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար»։

Համաժողովի ընթացքում տեղի ունեցած հանդիպում-քննարկումների արդյունքում նախանշվել են գործնական համագործակցության ուղիներ։