Հայաստանը խորացնում է համագործակցությունը Huawei-ի հետ` խթանելով օտարերկրյա ներդրումները

ՏեղականՄիջազգային
Enterprise_News_Cover – 29
03.12.20243 րոպե կարդալ

Գլոբալ տնտեսությունում վերազգային կորպորացիաները (MNC) տեղական տնտեսությունները փոխակերպող խաղացողներ են, որոնց ներկայությունն ու գործունեությունը խթանում է օտարերկրյա ուղղակի ներդրումների (FDI) հոսքը:

Վերազգային կորպորացիաները ընդունող երկիր բերում են ավելին, քան զուտ ներդրումային կապիտալ։ Դրանք ներմուծում են առաջադեմ տեխնոլոգիաներ, ստեղծում բարձր վարձատրվող աշխատատեղեր և տեղական ձեռնարկություններին հնարավորություն տալիս ինտեգրվելու գլոբալ արժեքային շղթաներում։

Այս տեսանկյունից Հայաստանի կառավարությունը և ներդրումների խթանման ազգային գործակալությունը՝ «Էնթերփրայզ Արմենիա»-ն, պրոակտիվ քայլեր են ձեռնարկում՝ ներգրավելու Forbes-ի «Ամենաարժեքավոր բրենդներ»-ի և «Fortune Global 500»-ի ցանկի ընկերություններին

Huawei. համագործակցության նոր ուղիներ Հայաստանի զարգացման համար

 «Huawei Tecnologies» ընկերությունը Հայաստանի առևտրի և կապի ոլորտի ոլորտում ներկայացված է ավելի քան 10 տարի և սպասարկվում է «Էնթերփրայզ Արմենիա»-ի հետներդրումային սպասարկման ծառայությունների շրջանակում: 

Տևական ժամանակ է, ինչ «Էնթերփրայզ Արմենիա»-ն հետևողական աշխատանքներ է իրականացնում «Huawei Technologies Research & Development» բելգիական մասնաճյուղի հետ` Հայաստանում գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) կենտրոն հիմնելու ուղղությամբ:

Այս առումով «Huawei»-ի հետ քննարկումները գործնական փուլ են մտել ամիսներ առաջ։ Մասնավորապես, ընկերության հետ հեռավար հանդիպման ընթացքում «Էնթերփրայզ Արմենիա»-ն համապարփակ տեղեկատվություն է տրամադրել Հայաստանի ՏՀՏ ոլորտի ռազմավարական նշանակության, կառավարության կողմից ոլորտի բարելավմանն ուղղված շարունակական աշխատանքների, ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի վերաբերյալ:  

«Էնթերփրայզ Արմենիա»-ի միջնորդությամբ այնուհետև հանդիպում է կազմակերպվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայաստանյան բուհերի երիտասարդ կադրերի ներգրավման, վերարտադրության միջոցով ընկերությունում նոր աշխատակիցների համալրման հնարավորությունները, ինչպես նաև համագործակցությունը գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) ու համալիր տեխնիկական լուծումների ոլորտում։

«Էնթերփրայզ Արմենիա»-ի ղեկավարությունն, իր հերթին, վերջերս Լիսաբոնում կայացած Web Summit 2024-ի շրջանակներում հանդիպում-քննարկում է ունեցել «Huawei»-ի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ՏՀՏ ոլորտի միտումներն ու Հայաստանի կառավարության հանձնառությունը։

Օրերս Դիլիջանում կայացած «Technological Innovation Semiconductor Olympiad 2024» օլիմպիադայի շրջանակներում «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներդրումների խթանման թիմը ևս քննարկում է ունեցել «Huawei» ընկերության հետ՝ ներկայացնելով Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը։ Մասնավորապես, մանրամասն տեղեկություններ են փոխանցվել դինամիկ զարգացող բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի, ներդրումային քաղաքականության, մրցունակ հարկային պայմանների և բարձր որակավորում ունեցող աշխատուժի մասին՝ շեշտելով Հայաստանի մրցունակությունն ու ներդրումային գրավչությունը։

Հայաստանը՝ նորարարության անսպառ միջավայր

Հայաստանի ռազմավարական դիրքը, բարձր որակավորում ունեցող աշխատուժը, կայուն ՏՀՏ էկոհամակարգը և պետական աջակցության ծրագրերը այն դարձնում են օտարերկրյա ուղղակի ներդրումների (FDI) գրավիչ ուղղություն։ Ավելի քան 200 հետազոտական և զարգացման կենտրոններով ու ստարտափ համայնքի աճող ներկայությամբ Հայաստանը առաջարկում է նորարարության և ընդլայնման անսպառ միջավայր։ Իսկ «մեկ պատուհան» ծառայությամբ «Էնթերփրայզ Արմենիա»-ն վերազգային կորպորացիաներին, այդ թվում՝ «Huawei»-ին, տրամադրում է համապարփակ աջակցություն:

Վերազգային կորպորացիաների ներկայությունը, ի դեմս «Huawei»-ի, վկայում է Հայաստանի աճող գրավչության մասին՝ որպես գլոբալ ներդրումային կենտրոն։ Համաշխարհային հսկաների հետ ամուր հարաբերությունների խթանմամբ «Էնթերփրայզ Արմենիա»-ն ոչ միայն նպաստում է օտարերկրյա ներդրումների ներհոսքին, այլև ամրապնդում կայուն և նորարարական տնտեսական ապագայի հիմքերը։