Հայաստանն ու ԱՄՆ-ն ընդլայնում են ներդրումային գործընկերությունը

«Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ՝ քննարկելու Հայաստանում ամերիկյան ներդրումների ներգրավման հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ տնտեսական կապերի ամրապնդումը և ընդգծել «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախաձեռնության կարևորությունը, որը, ինչպես սպասվում է, կբացի նոր հեռանկարներ ներդրումների և համագործակցության համար։
Գոհար Աբաջյանը ընդգծել է «Էնթերփրայզ Արմենիա»-ի պատրաստակամությունը՝ աջակցելու ամերիկացի ներդրողներին Հայաստանի բիզնես միջավայրի ուսումնասիրելու և բարձր ներուժ ունեցող ոլորտներում ներդրումների գործընթացում։ Նա վստահեցրել է, որ կառույցը պատրաստ է լիարժեք աջակցություն ցուցաբերել ամերիկյան այն ընկերություններին, որոնք ցանկանում են մուտք գործել հայկական շուկա կամ ընդլայնել իրենց ներկայությունը։
«Էնթերփրայզ Արմենիան» շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել՝ զարգացնելու միջազգային համագործակցությունն ու բարելավելու ներդրումային միջավայրը: