Հայաստանը հավակնում է դառնալ տարածաշրջանային ԱԲ տվյալային հանգույց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման շուրջ քննարկում է ունեցել «Firebird» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանի, «NVIDIA» ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանի և «Team Telecom Armenia» ընկերության համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Էնթերփրայզ Արմենիա»-ի գործադիր գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանը։
Քննարկման ընթացքում ներկայացվել են մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի հիմնական ուղղությունները։ Նախագիծը նպատակ ունի Հայաստանում հիմնել արդյունավետ ու մասշտաբային տվյալային ենթակառուցվածք, որը հնարավոր կդարձնի տեղակայել հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ՝ ապահովելով ավելի քան 100 մեգավատ հզորությամբ տեխնոլոգիական միջավայր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է ծրագրի ռազմավարական նշանակությունը՝ այն դիտարկելով որպես նոր փուլ Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի և նորարարական ներուժի զարգացման ճանապարհին։ Նա վերահաստատել է ՀՀ կառավարության լիարժեք աջակցությունը՝ նման նախաձեռնությունների իրականացման համար։