Հայաստանը խորացնում է գլոբալ ներդրումային կապերը ռազմավարական համագործակցությունների միջոցով

Ներդրումների խթանման գործակալությունների համաշխարհային ասոցիացիայի (WAIPA) 28-րդ համաժողովի շրջանակներում «Էնթերփրայզ Արմենիա»-ն մի շարք շահագրգիռ հանդիպումներ է ունեցել պետական և մասնավոր հատվածի պատվիրակությունների հետ, ձեռք բերել գործնական պայմանավորվածություններ։
Մասնավորապես, գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը հանդիպում է ունեցել WAIPA-ի նախագահ Իսմայիլ Էրսահինի հետ, իսկ ներդրումների գծով տնօրեն Գոհար Գալյանը՝ փոխնախագահ Դուշյանթ Թաքորի հետ։ Քննարկվել են «Էնթերփրայզ Արմենիա»-ի ասոցիացիային անդամակցությանն առնչվող հարցեր և գլոբալ ռեսուրսների հասանելիության հեռանկարներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ասոցիացիայի հիմնական միջոցառումներից մեկը կազմակերպել Հայաստանում՝ նպաստելով Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացմանն ու գլոբալ ներդրումային ցանցում ինտեգրմանը։
Պաշտոնական շփումներից բացի, հանդիպումներ են տեղի ունեցել նաև Հայաստանի ներդրումային միջավայրով հետաքրքրված ՏՀՏ, գյուղատնտեսության և վերականգնվող էներգետիկայի ոլորտների մասնավոր ընկերությունների հետ։ «Էնթերփրայզ Արմենիա»-ն ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի առանձնահատկություններն ու գերակայությունները, ինչպես նաև «մեկ պատուհան» ներդրումային համապարփակ ծառայությունը։
Երկկողմ հանդիպումներ են տեղի ունեցել նաև «Invest Saudi» հիմնադրամի և «Kuwait Direct Investment Promotion Authority»-ի հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարներ։ Արդյունքում «Invest Saudi» հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախաձեռնել երկու երկրների ներդրումային միջավայրին նվիրված համատեղ միջոցառում։ Վերջինս, միևնույն ժամանակ, պատրաստակամություն է հայտնել աջակցել «Էնթերփրայզ Արմենիա»-ին՝ «Forbes»-ի «Ամենաարժեքավոր բրենդներ»-ի և «Fortune Global 500» ընկերությունների ներգրավման հարցում։
«Միջոցառումը գլոբալ ներդրումային միտումների քննարկման և օտարերկրյա ուղղակի ներդրումները խթանող նոր գործընկերային կապեր հաստատելու հարթակ է։ «Էնթերփրայզ Արմենիա»-ի պատվիրակությունն այս ներուժն օգտագործել է առավելագույնս՝ պետական և մասնավոր հատվածին հասանելի դարձնելով Հայաստանի ներդրումային գրավչությունը, խթանելով օտարերկրյա ներդրումներն ու ձեռք բերելով նոր համագործակցություններ»,– համաժողովին «Էնթերփրայզ Արմենիա»-ի մասնակցության արդյունքներն ամփոփել է ներդրումների գծով տնօրեն Գոհար Գալյանը։