Աթենքում ներկայացվել է Հայաստանի ներդրումային ներուժը

Հունիսի 12-ից 13-ը Աթենքում անցկացվող Տարածաշրջանային տնտեսական երկրորդ գագաթնաժողովի շրջանակում «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներդրումների գծով տնօրեն Գոհար Գալյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը։
Ամերիկյան առևտրի պալատի (AmCham) նախաձեռնած գագաթնաժողովի ընթացքում Գ. Գալյանը մասնակցել է տարածաշրջանային ներդրումային հնարավորություններին նվիրված պանելային քննարկմանը՝ անդրադառնալով Հայաստանի ներդրումային միջավայրի մրցունակությանը։ Նա առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա ներուժի վրա՝ որպես Հայաստանի առաջնային ներդրումային ուղղություններից մեկը։
Գ.Գալյանը ներկայացրել է նաև Հայաստանի կառավարության հետևողական աշխատանքը՝ ուղղված ներդրումային միջավայրի շարունակական բարելավմանը, և ընդգծել է «Էնթերփրայզ Արմենիա»-ի դերը՝ որպես ներդրողների վստահելի ուղեկից և գործընկեր։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Ամերիկյան առևտրի պալատին տարածաշրջանային համագործակցության և կապերի խորացմանն ուղղված նախաձեռնության համար։