Հայ-գերմանական գործարար երկխոսություն՝ ներդրումային համագործակցության նոր ուղիներ

Վերջերս տեղի ունեցավ «Հայ-գերմանական գործարար երկխոսություն» խորագրով առցանց միջոցառումը, որը կազմակերպվել և իրականացվել էր «Էնթերփրայզ Արմենիա»-ի, Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողովի (Ost-Ausschuss der Deutschen Wirtschaft) և Գերմանական տնտեսական միավորման (Deutscher Wirtschaftsverband) ջանքերով:
Միջոցառումը նպատակ ունենալով խորացնել գործարար համագործակցություններն ու ներկայացնել ներդրումային հնարավորությունները, իր շուրջ էր հավաքել ավելի քան 60 մասնակցի` ներառյալ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ներդրողներ և ոլորտային փորձագետներ։
Բանախոսությունների շարքը բացեց Գերմանիայում ՀՀ գերագույն և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, ով ներկայացրեց Հայաստանի ներքին զարգացումներն ու աշխարհաքաղաքական անվտանգության հիմնադրույթները՝ կարևոր շեշտադրում կատարելով օտարերկրյա ներդրողների համար անհրաժեշտ կայունության գործոնների վրա։
Դոկտոր Ռիկարդո Գյուչչին՝ Berlin Economics կազմակերպությունից, հանդես եկավ Հայաստանի տնտեսական հեռանկարների վերաբերյալ վերլուծությամբ, ներկայացնելով հիմնավոր վիճակագրական տվյալներ ու հիմնական միտումներ։
Աննա Հովհաննիսյանը՝ «Ներդրումների աջակցման կենտրոն»-ից, անդրադարձավ Հայաստանի ներդրումային միջավայրին, կառավարության կողմից ներդրողներին տրամադրվող խթանիչ գործիքակազմին, ինչպես նաև բազմաբնույթ հնարավորություններին, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, շինարարության, առողջապահության, գյուղատնտեսության, տուրիզմի և ծառայությունների ոլորտներում։
Շնորհանդեսներից հետո կայացավ ինտերակտիվ քննարկում, որի ընթացքում մասնակիցները խորությամբ ծանոթացան Հայաստանում բիզնես հիմնելու ընթացակարգերին, ներդրումային ռիսկերին, օրենսդրական դաշտին և հեռանկարային ճյուղերին։
«Հայ-գերմանական գործարար երկխոսությունը» վերածվեց նպատակային և առարկայական հարթակի՝ ներդրողների և ոլորտի մասնագետների միջև կապերի ամրապնդման և հայ-գերմանական տնտեսական գործընկերության հաջորդ փուլը ձևավորելու տեսանկյունից։