Հայաստան - Արգենտինա գործարար համագործակցության նոր հորիզոններ

ՏեղականՄիջազգային
Enterprise_News_Cover – 27
11.12.20242 րոպե կարդալ

Օրերս «Էնթերփրայզ Արմենիա»-ն, Արգենտինայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և «Արգենտինահայկական առևտրաարդյունաբերական պալատ»-ի հետ համատեղ, Բուենոս Այրեսում կազմակերպել էր «Հայ-արգենտինյան գործարար կապեր. ներդրումային հեռանկարներ» գործարար համաժողովը։ Միջոցառման նպատակը ՀՀ ներդրումային միջավայրի և հնարավորությունների ներկայացումն էր, ինչպես նաև երկու երկրների միջև գործարար կապերի հաստատումը։

Գործարար համաժողովի բացման խոսքում «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը կարևորել է Հայաստանի և Արգենտինայի գործարար համայնքների միջև կապերի զարգացումը և անդրադարձ կատարել տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններին։ Նա մասնավորապես նշել է. «Հայաստանի զարգացող տնտեսությունը, որը հիմնված է դինամիկ գործարար էկոհամակարգի և ռազմավարական դիրքի վրա, եզակի հնարավորություններ է ընձեռում ներդրողներին։ Ուղղակի կապերի և գործընկերությունների զարգացման միջոցով մենք նպատակ ունենք ստեղծել մի կամուրջ, որը կկապի մեր երկու երկրները փոխադարձ աճի և համատեղ բարգավաճման ճանապարհով»։

Համաժողովի ընթացքում կազմակերպվել են մի շարք պանելային քննարկումներ, որոնց ընթացքում «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներդրումների խթանման և արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Հարոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի և գործարար հնարավորությունների վերաբերյալ շնորհանդես։ Քննարկումների արդյունքում ծավալվել են շահագրգիռ զրույցներ։

«Արգենտինահայկական առևտրաարդյունաբերական պալատ»-ի նախագահ, «Sueño Fueguino» ընկերության գլխավոր տնօրեն Օհանես Բոյաջյանը բարձր է գնահատել որպես ազգային ներդրումային գործակալության`«Էնթերփրայզ Արմենիա»-ի նախաձեռնողականությունը և վստահություն հայտնել, որ փոխայցելությունները կնպաստեն երկու երկրների գործարար կապերի աշխուժացմանը։

Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2025 թվականի գարնանը կազմակերպել շուրջ երկու տասնյակ արգենտինացի գործարարների այցը Հայաստան, որպեսզի նրանք տեղում ծանոթանան ներդրումային հնարավորություններին, հանդիպումներ ունենան ոլորտային գործընկերների հետ:

Գործարար համաժողովն ընդգծեց երկու երկրների համագործակցության հսկայական ներուժը։ Քննարկումների, հաջողության պատմությունների և ուղղակի շփումների միջոցով հայկական և արգենտինյան գործարար համայնքները նախանշեցին փոխշահավետ գործընկերությունների հիմքերը։