ՀՀ կառավարությունը հավանություն է տվել գյուղատնտեսական խոշոր ներդրումային ծրագրի

ijevan bekon
31.07.20252 րոպե կարդալ

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում ժամանակակից խոզաբուծական համալիր կառուցելու «Իջեվանյան բեկոն» ընկերության ծրագիրը պաշտոնապես հավանություն է ստացել ՀՀ Կառավարության կողմից։ Սա մոտ 2.1 միլիարդ դրամ ծավալով ներդրումային ծրագիր է, որը նպատակ ունի ստեղծել 49 նոր աշխատատեղ և արտադրել տարեկան 2,280 տոննա խոզի միս` առաջատար արդյունաբերական խաչասերման տեխնոլոգիաների կիրառմամբ:

Ներդրումային ծրագրի շրջանակներում արդեն կատարվել է մոտ 863 մլն ՀՀ դրամի ներդրում, առաջիկայում նախատեսվում է ներգրավել ևս մոտ 1.2 միլիարդ ՀՀ դրամ։

Ծրագիրը կիրականացվի ինչպես «Իջևանյան բեկոն»-ին պատկանող տարածքներում, այնպես էլ կառավարության որոշմամբ ձեռք բերվող համայնքային հողատարածքներում։ Ընկերությունն այս տարածքներում նախատեսում է իրականացնել նաև վերամշակված գոմաղբով հողի բարելավում (ռեկուլտիվացիա), ինչը կապահովի արդյունավետ և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու գործունեություն։

«Իջեվանյան բեկոն»-ի ներդրումային ծրագիրը «Էնթերփրայզ Արմենիա»-ի հերթական հաջողության պատմությունն է: Մեկնարկից ի վեր «Էնթերփրայզ Արմենիա»-ն ուղեկցել է ծրագիրը` ապահովելով համապարփակ աջակցություն ներդրումային բոլոր փուլերում։ Մեր աջակցությունն ընդգրկել է ներդրումային նախաձեռնության իրականացմանը նպաստող տարբեր գործընթացներ` ներառյալ կազմակերպչական, իրավական, վարչական և պետական կառույցների հետ համագործակցությանը վերաբերող միջոցառումներ։

Մենք շարունակում ենք մեր ջանքերը՝ Հայաստանում ստեղծելու ներդրումների համար առավել բարենպաստ միջավայր և նպաստելու մեր երկրի կայուն տնտեսական աճին։