Էնթերփրայզ Արմենիան մասնակցել է Համաշխարհային ներդրումային 27-րդ համաժողովին
Ս․թ․ դեկտեմբերի 11-14-ը «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության մայրաքաղաք Նյու-Դելիում անցկացվող՝ Ներդրումային գործակալությունների համաշխարհային ասոցիացիայի (WAIPA) Համաշխարհային ներդրումային 27-րդ համաժողովին։ Միջոցառման նպատակն էր՝ խթանել ներդրող - ներդրումային կառույց երկխոսությունը, տարածաշրջանային գործակցությունը, ներդրումային գործակալությունների շրջանում կարողությունների զարգացումը և ոլորտային համագործակցությունը։
Համաժողովի շրջանակում «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի պատվիրակությունը, գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանի գլխավորությամբ, մի շարք հանդիպումներ է ունեցել միջազգային գործարար համայնքի և գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ։ Միջոցառման մասնակիցներին ներկայացվել են Հայաստանի ներդրումային հնարավորությունները, գործարար միջավայրի բարելավման և օտարերկրյա ներդրումների ներգրավման պետական քաղաքականության ուղղությունները, օժանդակության ծրագրերը։
Միջոցառման ընթացքում մեծ հետաքրքրություն վայելող հայկական տաղավար է այցելել նաև Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը: Ծավալված քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-հնդկական գործարար կապերի զարգացման, փոխգործակցության ընդլայնման, ներդրումային համատեղ նախաձեռնությունների հեռանկարների շուրջ։
Դեկտեմբերի 13-ին «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը մասնակցել է «Ներդրող - ներդրումային կառույց» խորագրի ներքո անցկացվող թեմատիկ քննարկմանը: «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներդրումների գծով տնօրենը ներկայացրել է շնորհանդես՝ նվիրված Հայաստանի ներդրումային հնարավորություններին, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող ծրագրերին։ Ի մասնավորի, անդրադարձ է եղել ՀՀ-ում տեղեկատվական և հաղորդակցության բնագավառի զարգացման միտումներին, պետական խրախուսման քաղաքականությանն ու ծրագրերին։