Մասնակցություն «EDGE Investment Transparency Activity» հնգօրյա վերապատրաստման ծրագրին
Շարունակելով բարելավել Հայաստանի ներդրումային միջավայրը՝ ուրախ ենք տեղեկացնել, որ 2024 թվականի հունիսի 24-28-ը «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանի գլխավորությամբ, Լեհաստանում մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «EDGE Investment Transparency Activity» հնգօրյա վերապատրաստման ծրագրին։
Ծրագրի հիմնական նպատակն էր խթանել ներդրումային գործակալությունների շրջանում կարողությունների զարգացումը, տարբեր երկրների ներկայացուցիչների միջև փորձի փոխանակումն ու ծառայությունների լավարկումը։ Այցի շրջանակներում մասնակիցները ծանոթացել են տարբեր երկրների ներդրումների իրականացման գործընթացին և այցելել հատուկ տնտեսական գոտիներ և տեխնոպարկեր։
Lեհական «Invest in Pomerania»-ն Գդանսկում հյուրընկալել էր շուրջ 8 երկրների համանուն կառույցներին՝ ներկայացնելու օտարերկրյա ուղղակի ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծման իր փորձը և մասնավոր հատվածի վերազգային կազմակերպությունների հետ տարված աշխատանքները և աջակցության ձևաչափը։
Այցի շրջանակում անցկացվել են հանդիպումներ «The Polish Investment and Trade Agency»-ի (PAIH), ինչպես նաև համաշխարհային մեծ ճանաչում ունեցող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են «Northvolt», «Intel», «Wipro», «Amazon»․
Կարևորելով «Fortune Global 500» ամսագրում ընդգրկված ընկերությունների տնտեսական ակտիվության ընդլայնումը դեպի Հայաստանի Հանրապետություն, այցի շրջանակում «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն Գոհար Գալյանը, ներդրողների աջակցման և հետներդրումային սպասարկման վարչության պետ Վահագն Մուղնեցյանը, ներդրումների խթանման և արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Հարոյանը պայմանավորվածություն են ձեռք բերել վերոնշյալ կազմակերպությունների հետ իրականացնել լրացուցիչ հեռավար հանդիպումներ՝ ներկայացնելու Հայաստանի տնտեսության ոլորտային ներուժը և գործարարությամբ զբաղվելու առավելությունները։