Իրանի գործընկերները հետաքրքրված են Հայաստանի ոսկերչության ոլորտով

«Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը վերջերս հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաքի ոսկու և ոսկերչական իրերի արտահանման կոնսորցիումի գործադիր տնօրեն, ինչպես նաև Սպահան նահանգի ոսկու, ոսկերչական իրերի, արծաթի և թանկարժեք քարերի արտահանողների ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ պարոն Մոհսեն Թալայ Մինայիի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներդրումների խթանման մենեջեր Էլինա Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի գործարար հնարավորությունները և ոսկերչության ոլորտի ներդրումային միջավայրի առանձնահատկությունները։
Շեշտելով երկրի աճող ներուժը ոսկերչության ոլորտում՝ Լևոն Օհանեսյանն ընդգծել է․ «Հայաստանի զարգացող ենթակառուցվածքները մեր երկիրը դարձնում են միջազգային համագործակցության բնական գործընկեր՝ հատկապես ոսկերչության ոլորտում։ Իրանի պես գործընկերների հետ կապերի ամրապնդման միջոցով մենք նպատակ ունենք ստեղծել կամուրջներ, որոնք կնպաստեն փոխադարձ աճին և նորարարությանը»։
Նման համագործակցությունները խոստումնալից քայլեր են Հայաստան-Իրան գործարար կապերի ամրապնդման ուղղությամբ։