VDA Diamonds. Enterprise Armenia-ն շարունակում է նպաստել Հայաստանում բիզնեսի զարգացմանը

Վերջերս Enterprise Armenia-ի հետներդրումային սպասարկման թիմն այցելեց «Վի-Դի-Էյ Դայմոնդս» ընկերություն՝ գնահատելու ներդրումային ծրագրի ընթացքն ու քննարկելու հետագա հնարավորությունները։
Շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրումով «Վի-Դի-Էյ Դայմոնդս» գործարանի կառուցումը սկսվել է 2023 թվականին` «Էնթերփրայզ Արմենիա»-ի աջակցությամբ: Գործարանը կենտրոնացած է խոշոր ադամանդների մշակման վրա և տեղակայված լինելով Աբովյան քաղաքում, ունի 200-ից ավել աշխատակիցներ ինչպես Հնդկաստանից, այնպես էլ Հայաստանից:
Այցի ընթացքում Հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպեցին ընկերության ֆինանսական տնօրեն Սունիլ Ջայնի և իրավաբանական վարչության ղեկավար Զարինե Ոսկանյանի հետ։ Քննարկվեցին ընկերության գործունեության ընթացիկ հարցերը, ինչպես նաև նոր ներդրումային ծրագրերի հնարավորություններն այլ ոլորտներում։
«Գործարանի գործարկման առաջին օրվանից սկսած Enterprise Armenia-ն համակարգում է գործարանի և պետական մարմինների հետ սահուն ու անխոչընդոտ համագործակցությունները: Մենք այստեղ ենք, որ հաղթահարենք ցանկացած մարտահրավեր, առաջարկենք արագ և ռազմավարական լուծումներ, որոնք ցանկացած բիզնեսի համար ստեղծում են կանխատեսելի ու ապահով միջավայր: Մենք շարունակելու ենք աջակցել «Վի-Դի-Էյ Դայմոնդս»-ին, տրամադրելով անհրաժեշտ խորհրդատվությունը և ուղեկցող ծառայությունները», իր խոսքում նշեց «Էնթերփրայզ Արմենիա»-ի Ներդրողների աջակցության և հետներդրումային սպասարկման բաժնի ղեկավար Վահագ Մուղնեցյանը:
Հայաստանը շարունակում է զարգանալ որպես բարձրարժեք արտադրության և մշակման կենտրոն, իսկ «Էնթերփրայզ Արմենիա»-ն պատրաստ է ուղեկցել յուրաքանչյուր ներդրում ամբողջական ցիկլով։