«Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությունը

Դեռևս 2022 թվականին ազդարարվեց «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի կողմից ուղեկցվող ամենախոշոր ներդրումային ծրագրերից մեկի՝ «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնման նախագծի մեկնարկը: Ընդամենը մեկ տարի անց՝ ս.թ. մայիսի 23-ին «Էնթերփրայզ Արմենիա»-ն պատիվ ունեցավ մասնակցելու «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի՝ առաջին բետոնի լիցքի արարողությանը:
Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը և այլ պաշտոնատար անձինք:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, ով իր ելույթում ընդգծել է «Դալան» տեխնոլոգիական համալիրի առանձնահատուկ նշանակությունը որպես տարածաշրջանում նախադեպը չունեցող, միջազգային բարձր չափանիշներին համապատասխան բազմաֆունկցիոնալ կենտրոն, որի կառուցումը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը:
Մեծապես կարևորելով պետություն-մասնավոր հատվածի միջև ձևավորված ամուր համագործակցությունը՝ Լևոն Օհանեսյանը իր ելույթում վերհաստատեց «Էնթերփրայզ Արմենիա»-ի պատրաստակամությունը՝ աջակցել ծրագրի բոլոր փուլերում գործընթացների սահուն իրականացմանը: