«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի ներդրումային ծրագրերը՝ հնարավորություն Հայաստանի համար
Երկրները, որոնք ներդրումներ են կատարում գիտահետազոտական ոլորտներում, ստանում են զգալի մրցակցային առավելություն։ Հայաստանի դեպքում գիտահետազոտական ուղղվածության վերազգային կորպորացիաները կապիտալ ներդրումներով խթանում են նորագույն տեխնոլոգիաները, գիտելիքի փոխանցումն ու հմտությունների զարգացումը։ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի` ավելի քան 13 միլիարդ դրամի ներդրումով հիմնադրված գիտահետազոտական կենտրոնը վառ վկայություն է այն արժեքի, որը բերում են այսպիսի ընկերությունները։
Ընկերության տրամադրած 268 կրթաթոշակներն ու գիտահետազոտական դրամաշնորհներն ուղղակիորեն նպաստել են Հայաստանի գիտական և կրթական զարգացմանը՝ աճեցնելով հետազոտողների, ինժեներների և նորարարների նոր սերունդ։ Սա ոչ միայն տնտեսական օգուտ է, այլև ներդրում է Հայաստանի մարդկային կապիտալում՝ ի նպաստ գիտելիքահեն տնտեսության: Ավելին, գերժամանակակից ենթակառուցվածքների ստեղծումը, ինչպիսին է ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում իր տեսակի մեջ եզակի աէրոզոլային լաբորատորիան, Հայաստանը դիրքավորում է որպես տեխնոլոգիական փորձարկումների և նորարարությունների կենտրոն՝ ամրապնդելով մեր երկրի դիրքը համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում:
Լաբորատորիայի գործունեությանն ու հետներդրումային սպասարկման ծառայությունների շրջանակներում իրականացված համատեղ աշխատանքի արդյունքներին տեղում ծանոթանալու նպատակով հոկտեմբերի 29-ին «Էնթերփրայզ Արմենիա»-ի թիմը «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունում էր:
«Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօերն Լևոն Օհանեսյանը «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի օրինակով կարևորեց վերազգային կորպորացիաների դերը Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացման և մրցունակ տնտեսության զարգացման տեսանկյունից: Նա կարևոր ձեռքբերում համարեց Հայաստանն ամբողջ աշխարհում ներկայացնելու այս թիմի աշխատանքը. «Շատ ուրախալի է, որ մեր երիտասարդ գիտնականներն ու տեխնոլոգիական սերունդը շարունակում են Հայաստանի գիտական ու տեխնոլոգիական ավանդույթները: «Ֆիլիպ Մորրիս»-ի պես ընկերություններն էլ հնարավորություն են ստեղծում, որպեսզի նրանք առանցքային դեր ունենան համաշխարհային տեխնոլոգիական առաջընթացում»:
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Գուրգեն Մարդոյանն իր հերթին առանցքային համարեց վերազգային կազմակերպությունների համար նպաստավոր պայմանների ստեղծմամբ զբաղվող ազգային ներդրումային կառույցների դերը: Նա նշեց, որ երբեմն հանդիպում են խնդիրների, որոնց լուծման համար պետության, մասնավոր հատվածի, տարբեր ինստիտուտների աջակցության կարիք է առաջանում և նրանց հետ կապող օղակներ են պետք «Վերազգային կազմակերպությունները շատ պրագմատիկ են և ուշադրություն են դարձնում երկրի և ռեգիոնի առանձնահատկություններին: Հայաստանի գիտական և ինժեներական պոտենցիալը գնահատում են, բայց կարևորում են նաև ներդրումային միջավայրի ճկունությունը: Այս առումով մենք գործընկերների կարիք ենք զգում և «Էնթերփրայզ Արմենիա»-ն հենց այդ գործընկերն է»:
Վերազգային կորպորացիաների հետ համագործակցությունները ոչ միայն ձևավորում են մեր տնտեսությունն այսօր, այլև հիմք են դնում գիտելիքահեն ապագայի համար։ Շարունակելով ներգրավել համաշխարհային առաջատարների, ինչպիսին է «Ֆիլիպ Մորրիս» ընկերությունը՝ մենք բացահայտում ենք Հայաստանի անսահման ներուժը, խթանում նորարարությունը և մեր երկիրը դիրքավորում որպես գերազանցության կենտրոն միջազգային ասպարեզում։